Ադրբեջանի կողմից մեծ խմբաքանակով ուղղաթիռներ գնելու լուրը կասկած է հարուցում: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով տեղեկությունը, ըստ որի Ադրբեջանը թուրքական արտադրության T-129 ATAK տիպի 60 ուղղաթիռ է գնելու: Փորձագետը խոսքով` այդ ուղղաթիռները թուրքական կողմն արտադրում է Իտալիայից ստացած լիցենզիայով:

«Նման մասշտաբային վաճառքի համար Թուրքիայի արտադրական հզորությունները բավարար չեն, որին զուգահեռ կկարողանա ապահովել նաեւ սեփական պահանջմունքները»,-ասել է փորձագետը, հավելելով, որ Թուրքիան չի կարող ուղղաթիռներ վաճառել առանց իտալական կողմի համաձայնության: Ավելին, փորձագետը կասկածի տակ է դրել այդ տեղեկատվությունը նաեւ այն պատճառով, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր այլ մոդելի ուղղաթիռների խոշոր խմբաքանակի գնման մասին:

«Թե ինչի է պետք այդ քանակությունը, անհասկանալի է»,-հավելել է Գրիգորյանը: Ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով Sabah թերթը, նշում են, որ Ադրբեջանը Türk Havacılık ve Uzay Sanayii (TAI) աէրոտիեզերական ընկերությանը T-129 ATAK տեսակի ուղղաթիռներ է պատվիրել, որոնց սերիական արտադրությունը կսկսվի այս տարի: Հատուկ Ադրբեջանի համար նախատեսված 60 ուղղաթիռների գնումը կարժենա 3 մլրդ դոլար: ATAK-ի ուղղաթիռները կարող են մինչեւ 300 կմ/ժամ արագություն զարգացնել, թռիչքներ իրականացնել ցանկացած եղանակային պայմաններում: