Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը իրականացվել է հազվադեպ պատահող ատրճանակով. դա կարող է լինել ՏՏ կամ «Նագան» տեսակի ատրճանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անկախ ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ընդամենը 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Այդ տարամաչափի գնդակը ինչ զինատեսակի կարող է պատկանել:

Դա կարող է լինել ՏՏ կամ «Նագան» տեսակի ատրճանակ, բայց ՏՏ-ի  դեպքում պարկուճ է մնում: Եթե ինքը շտապել փախել է, ուրեմն պետք է պարկուճ թողած լիներ: Ամենայն հավանականությամբ «Նագան» է եղել:

Այդ ատրճանակները ի՞նչ առավելություն ունեն:

Ընդհանրապես թմբուկավոր զենքը շատ հարմար է հանցագործության համար: Ինչո՞ւ, որովհետեւ պարկուճ չեն թողնում: «Նագանի» դեպքում կրկնակի բարդանում է զենքի տիրոջը գտնելը, որովհետեւ հաշվառումներում մի քիչ դժվար է գտնել այդպիսի զենքի տիրոջ: Իսկ ՏՏ-ի դեպքում, քիչ թե շատ, դա ավելի հեշտ է: «Նագանի» փամփուշտներն էլ են շատ դժվար ճարվում: Ինքը շատ հին թմբուկավոր զենք է եւ պարկուճ էլ չի թողնում:

Պրոֆեսիոնալ մարդասպանները սովորաբար վերը նշված զենքի տեսակներով աշխատո՞ւմ են, թե` ոչ:

Իհարկե: Սակայն պրոֆեսիոնալ մարդասպանները նախընտրում են աշխատել թմբուկավոր հրացանով: Սովորաբար բարձրակարգ մարդասպաններն աշխատում են մեծ հեռավորություններից եւ, ոչ թե այդքան մոտիկ դիստանցիա են ընտրում, որ մի հատ էլ դեմքը տեսնել-չտեսնելու խնդիր առաջանա: Ինձ այդքան էլ դուր չի գալիս, բայց  ուզեմ-չուզեմ այդ օրինակը պետք է բերեմ. խոսքը Ասլան Ուսոյանի` «Դեդ Հասանի» սպանության մասին է: Այսինքն` այդ տարբերակով` հեռավորությունից, որպեսզի մարդու հայտնաբերվելու հավանականությունը ավելի քչանա:

Իսկ այդ զենքերը որտեղի՞ արտադրանք են:

«Նագանը» ցարական Ռուսաստանի ատրճանակ է, իսկ ՏՏ-ն` Խորհրդային միության:

Դատելով մարդասպանի գործելաոճից սա կանխամտածված սպանության ձախողված փո՞րձ էր, թե՞ այս օպերացիայով այլ խնդիր լուծեցին:

Սա սովորական սպանության փորձ չէր: Կարող է եւ չեն ցանկացել սպանել: Ես միայն զենքի մասով եմ մասնագիտացված: Այստեղ այլ կերպ պետք է  հարցը դիտարկենք: Նայած, թե մարդասպանն իր առաջ ինչ խնդիր է առաջադրել եւ դրանից  էլ կախված է, թե ինքն ինչ է ուզեցել անել: Եթե խոսելու լինենք մարդասպանի աշխատանքի որակի մասին, ապա նա շատ անորակ մարդասպան է եղել: Կամ էլ պետք է եղել, որ ինքը այդպես ցույց տա: Ինչպես արդեն խոսքիս սկզբում նշել էի, նա այդքան մոտիկից պետք է չգործեր: Նա, կամ ռեալ, կամ միտումնավոր, անորակ մասնագետի տպավորություն է  թողնում:

Իսկ Հայրիկյանի դիմադրությո՞ւնը:

էքստրեմալ իրավիճակում դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ նրանք երկուսով են եղել: Վախի մթնոլորտի մեջ կարող է եւ Հայրիկյանին ինչ-որ բան թվացել է, չես կարող ասել:

Կհիշե՞ք, թե ինչ ամղկահարույց սպանություններ են եղել տվյալ ատրճանակներով:

Եղել են նման դեպքեր, սկսած ցարական Ռուսաստանի ամենահայտնի դեմքերից մեկի` Ռասպուտինի սպանությունից, վերջացրած, երբ մեր հայ վրիժառուները Թիֆլիսում խփեցին Ջեմալին: Հատկապես «Նագանը» երկար տարիների եղել է ցարական Ռուսաստանի սպառազինության մեջ: Սպանությունների զգալի մասը հենց դրանով էլ կատարվել է: Մոտավորպես 120 տարի «Նագանը» եղել է սպառազինության մեջ:

ՏՏ-ն ու «Նագանն» ի՞նչ շուկայական արժեք ունեն:

Բավականին թանկ են. ՏՏ-ն մոտավորպես 5 հազար դոլար է, իսկ «Նագանը»` մինչեւ 10 հազար դոլար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը