Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն, այսօր` փետրվարի 6-ին, այցելեց հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ում առողջական վիճակը լավ չէ, ճնշումը իջել է 80/40 եւ հացադուլը շարունակում է պառկած վիճակում (ֆոտոռեպորտաժ):

Վարդան Սեդրակյանը նրանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչով կարող է օգնել, ինչին ի պատասխան Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Ձեր դիրքորոշումը սկզբունքային է: Բոլորս պետք է միանանք եւ վերջ տանք այս ռեժիմին: Եթե այս մեքենան չքանդվի, ես չեմ ստորագրի շինծու ընտրությունների արձանագրությունները»:

Վարդան Սեդրակյանն ասաց, որ իր կարծիքով, քիչ թե շատ, որեւէ բարոյական թեկնածու չի ստորագրի այդ արձանագրությունը: «Դա միանշանակ է, ինչ վերաբերում է ինձ, կարող եք չկասկածել: Այսօր ասուլիսում Ձեր մասին չեմ խոսել պարզապես ասել եմ, որ գալու եմ տեսակցության: Ասուլիսին խոսքը Հայրիկյանի խեղկատակության մասին էր: Բայց, երբ տեսա, որ այս վիճակում եք, խոստանում եմ այսօրվանից սկսած իմ ասուլիսներին եւ հարցազրույցներին հիմնականում կանդրադառնամ ձեզ»,-ասաց Սեդրակյանը:

Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ իր համար կարեւոր է հասարակությանը հասկացնել, որ անհրաժեշտ է վերջ տալ այս հանդուրժողական վերաբերմունքին եւ ձեւական ժողովրդավարությանը:

«Այսօր ես արդեն վստահ եմ, որ թեկնածուները պայմանավորվածություն ունեն իշխանության հետ: Եթե թեկնածուները չեն միավորվում, այդ խեղճ հանրությունը ինչի՞ շուրջ միավորվի: Ամեն մեկը կոնկրետ իր պայմանավորվածության սահմաններում ունի այն բոնուսները, պաշտոնները որոնք ստանալու է: Ես չեմ կարծում, որ նրանք ինչ-որ բանի շուրջ կմիանան»,- նշեց Վարդան Սեդրակյանը:

Նա նաեւ խորհուրդ տվեց եւս մեկ անգամ մտածել` իսկապես արժի՞ այս ամենի համար վտանգի ենթարկել կյանքն ու առողջությունը: Անդրիաս Ղուկասյանը վստահություն հայտնեց, որ հանրությունն արժանի է նման եւ այլ քայլերի: Ավելին` համոզված է, որ կլինեն նաեւ ուրիշ գործիչներ, որ կգնան նման քայլի: Առանձնազրույցից հետո Վարդան Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Անդրիաս Ղուկասյանն արդեն չի կարողանում նստել եւ ամեն պահի կարող է ինչ-որ բան կատարվել իր առողջության հետ, որն անդառնալի հետեւանքներ կթողնի: Վարդան Սեդրակյանի խոսքով` իր ասուլիսներում, հարցազրույցներում կփորձի այս ռեժիմին հիշեցնել, որ բոլոր դեպքերում կա  երիտասարդ թեկնածու, ով այսօր առողջությունը վտանգելով նման հարց է բարձրացնում:

«Իմիջիալյոց կցանկանայի հարցնել. լավ Սերժ Սարգսյանը թեկնածու է եւ որպես թեկնածու չի գալիս, բա որպես երկրի նախագահ է՞լ չի գալիս տեսնի իր երկրի քաղաքացի ինչ վիճակում է գտնվում: Չէ, որ նա նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահն է: Ի՞նչ է նշանակում գնալ գյուղեր անորոշ բաներ խոսել, երբ իր նստավայրից մի քանի քայլ հեռավորության վրա մարդն իր առողջությունը դրել է հարվածի տակ եւ կյանքի ու մահվան խնդիր է լուծում: Ամեն մեկս պետք է մեր հնարավորությունների, մեր խղճի թույլ տվածի չափով կարողանանք, եթե ոչ քաղաքական, գոնե բժշկական լուծում տանք, մարդուն համոզենք, որ դուրս գա հացադուլից»,- ասաց Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց. «Երեւի սա է ապահով Հայաստանը: ՀՀԿ-ականները եւ երկրի նախագահը չարժեն այս մարդու առողջությանը»: