Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից Երեւանի Շտապօգնության կենտրոնի բժիշկներն ամեն օր առավոտյան եւ երեկոյան այցելում են նրան, հետաքրքրվում առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման, ջերմության չափում եւ այլ քննություններ։ Արդյունքների մասին յուրաքանչյուր օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։
Այսօր ժամը 11-ին Անդրիաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուն իր առողջական վիճակի հետ կապված առանձնակի գանգատներ չի ներկայացրել։ Ընդամենը գանգատվել է զարկերակային ճնշման անկումնից եւ որոշակի թուլությունից։ Հայտնել է, որ որոշել է այսօր հացադուլն իրականացնել պառկած վիճակում, որպեսզի հնարավորին չափ քիչ էներգիա ծախսի։
Փոխնախարար Պողոսյանն առաջարկել է հիվանդանոցային պայմաններում որոշակի հետազոտություններ իրականացնել։ Սակայն Անդրիաս Ղուկասյանն առայժմ հրաժարվել է այդ առաջարկից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքնազգացողության փոփոխության դեպքում անմիջապես տեղեկացնի փոխնախարարին։
Նախարար Դումանյանի հանձնարարությամբ այսօրվանից իրականացվում է 24-ժամյա բժշկական հսկողություն տեղում` Շտապօգնության անձնակազմի միջոցով։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























