Հայաստանում 2012 թվականին գրանցվել է կանանց դեմ բռնության 2026 դեպք: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  քրեական հետախուզության Գլխավոր վարչության երրորդ բաժնի փոխղեկավար, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ոստիկանության տվյալներով` այդ թվում գրանցվել են կանանց սպանության 4, ինքնասպանության դրդելու 1, ծանր առողջական վնաս հասցնելու 2, առողջությանը թեթեւ վնաս հասցնելու 125, ծեծի ենթարկելու 423 դեպք: Կանանց դեմ բռնություն կիրառելու ընդհանուր դեպքերի  մեկ երրորդը կազմում է ընտանեկան բռնությունը: Ընտանեկան բռնության դեպքերում շատ են առողջությանը թեթեւ վնաս հասցնելու եւ ծեծի ենթարկելու դեպքերը: « Հայաստանում, շատ այլ երկրնրի նման եւս հակված են վեճը չտարածելու` դա համարելով զուտ ընտանեկան»,-նշել է Նելլի Դուրյանը:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների հանդեպ բռնություն կիրառելու 216 դեպք, որից 15-ը` ընտանեկան բռնության է: