Սոչի-2014-ի օլիմպիական օբյեկտների եւ ենթակառուցվածքների վրա աշխատող աշխատանքային միգրանտները դառնում են ստի եւ շահագործման զոհ, ասվում է Human Rights Watch-ի զեկույցում:
Աշխատողներն իրավապաշտպաններին պատմել են, որ որոշ գործատուներ խաբում են աշխատավարձի չափով, ստիպում են աշխատել 12-ժամանոց հերթափոխերով եւ խլում են անձնագրերն ու աշխատանքի թույլտվությունները, որ մարդկանց պահեն շահագործման մեջ:
Զեկույցը հիմնված է 66 աշխատանքային միգրանտների հետ հարցազրույցների վրա, որոնք աշխատել են 2009-2012 թվականներին: Զրուցակիցները եղել են միգրանտներ Հայաստանից, Ղրղըզստանից, Սերբիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից: Գրեթե բոլոր զրուցակիցները զբաղված են եղել ցածր վարձատրվող աշխատանքներում` կատարելով քարտաշների, հյուսների, զոդողների կամ մոնտաժողների աշխատանք: Նրանք սովորաբար վաստակել են ժամում 55-ից 80 ռուբլի:
Բանվորները պատմել են, որ իրենց կիսատ են վճարել, հաճախ էլ ընդհանրապես գումար չեն տվել: Գլխավոր բուժկենտրոնում մի խումբ ամիսներով աշխատել է առանց աշխատավարձի` հուսալով, որ վաղ թե ուշ իրենց գումարները կտան: Ուզբեկ «Օմուրբեկը» հայտնել է, որ ենթակապալառուն իրեն ամսական 770 դոլար է խոստացել, սակայն ինքը գրեթե երեք ամիս ձրի է աշխատել:
Կենտրոնական մարզադաշտում եւ Օլիմպիական ավանում շատ աշխատողներ Human Rights Watch-ի հետ հարցազրույցներում պատմել են, որ գործատուն պահել է առաջին ամսվա աշխատավարձը` խոստանալով գումարները տալ, երբ օբյեկտն ավարտված կլինի:
Բոլոր աշխատանքային միգրանտները պնդել են, որ աշխատել են երկար ու առանց հանգստյան օրերի, հագնվելու եւ ուտելու համար տրվել է ընդամենը մեկ ժամ: Երկու շաբաթը մեկ եբեմն հանգստյան օր են տվել, մինչդեռ ռուսական օրենսդրությունը նախատեսում է 40-ժամյա աշխօր` եւ լրացուցիչ վճարում ավել կատարած աշխատանքի համար:
Աշխատակիցներից «Վիկտորը» հայտնել է, որ երկու ամիս աշխատելուց հետո ստացել են 420 դոլար` անհամեմատ քիչ, քան խոստացվել էր:
Իսկ բողոքելու դեպքում գործատուները դիմել են համապատասխան մարմիններ եւ անօրինական միգրանտներին վտարել են երկրից։
Human Rights Watch-ը Ռուսաստանի իշխանություններին եւ Միջազգային օլիմպիական կոմիտեին դիմել են իրավիճակը Սոչիում կարգավորելու կոչով, այնտեղ պետք է լինեն արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի միգրանտները բողոքելու հնարավորություն ունենան, եւ նրանց չկարողանան շահագործել։




























