Ադրբեջանում թափ է հավաքում գրող Աքրամ Այլիսլիի կյանքը թունավորելու գործընթացը, ով համարձակվել է իր «Քարե երազներ» ստեղծագործությունում դրական լույսի ներքո ներկայացնել հայերին: Բանը հասել է նրան, որ գրողին իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել նաեւ պատմաբանները:
Ինչպես հաղորդում է Trend-ը, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովը` գիտխորհրդի ընդլայնված նիստում:
Այլիսլիի ստեղծագործության մեջ «քաղաքական ենթատեքստ» տեսնելով, փսեւդո-պատմաբանն անգամ պատմական «հիմքեր» է ներկայացնում:
Մահմուդովի խոսքով` հրապարակումը նպատակ ունի ստիպել հաշտվել այն փաստի հետ, որ «հայերի կողմից օկուպացված տարածքները պետք է մնան նրանց»:
«Այդ ստեղծագործությունը գեղարվեստական չէ եւ խնդիրը քաղաքականացնելու փորձ է: Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» դավաճանություն է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ»,-հայտարարել է Մահմուդովը, հավելելով, որ «այդ ստեղծագործությունը գրվել է ոմն հայ Հրանտի աջակցությամբ»: Մահմուդովն առաջարկել է Այլիսլիին զրկել բոլոր կոչումներից եւ պատասխանատվության ենթարկել:
Հիշեցնենք, որ «Քարե երազները» մեծ աղմուկի եւ գրողին հայկական կողմնորոշման, հակաադրբեջանականության եւ այլնի մեջ մեղադրելու պատճառ էր դարձել: Բաքվում Այլիսլիի՝ երկիրը լքելու պահանջով բողոքի ցույցեր էին անցկացվել:
Contact.az-ը նշում է որ «գրքի էությունը մտավորականի մտորումներն են հայ-ադրբեջանական հիմնախնդրի եւ երկու ժողովուրդների հարաբերությունների վերաբերյալ»:





























