Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի բնակչուհի Կարինե Ա.-ն 7 հազար դրամ պարտքը մարելու համար սեռական հարաբերություն է ունեցել Արայիկ Գ.-ի եւ Արմեն Մ.-ի հետ, ապա նրանց մեղադրել իրեն բռնաբարելու մեջ: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Ամբաստանյալ Կարինե Ա-ն 2012թ. ամռանն իր երկու անչափահաս երեխաների հետ բնակվել է Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասում: Վերջինս ընկերուհուն 7 հազար դրամ պարտք է ունեցել, որը ընկերուհին պահանջել է: Պարտքը մարելու համար նա ընդհանուր ծանոթների միջոցով հեռախոսով ծանոթացել, ապա Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին հանդիպել է Արայիկ Գ.-ի հետ: Արայիկն իր հետ սեռական հարաբերություն ունենալու պայմանով նրան է տվել 7 հազար դրամ գումար, որից հետո նրան հայտնել, որ ընկերոջ` Արմեն Մ.-ի հետ է, առաջարկելով միասին գնալ Էջմիածնի տարածք եւ գիշերը զվարճանալ:
Կարինե Ա.-ն 7 հազար դրամը փոխանցել է ընկերուհուն` Անժելա Խ.-ին, որից հետո իր կամքով եւ ցանկությամբ նստել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան եւ Արայիկ Գ.-ի եւ Արմեն Մ.-ի հետ գնացել է Էջմիածին, սակայն ճանապարհին, պատճառաբանելով, որ երեխայի հետ է, հայտնել է, որ նրանց հետ երկար ժամանակով չի կարող մնալ եւ սեռական հարաբերություններ չի ունենալու:
Արայիկ Գ.-ն եւ Արմեն Մ.-ն, առաջարկել են տված գումարը վերադարձնել, որից հետո վերադարձել են Աշտարակ քաղաք: Հետո Կարինե Ա-ն կրկին առաջարկել է վերադառնալ եւ վերցրած գումարի դիմաց Արայիկի եւ Արմենի հետ մեկնել է Էջմիածին քաղաք, որտեղ շոքեբաղնիքում նրանց հետ սեռական հարաբերություն է ունեցել: Կարինե Ա.-ն եւ մյուսները շոքեբաղնիքից, ժամը 02-ի սահմաններում դուրս են եկել, որից հետո Կարինե Ա-ն Արայիկ Գ.-ի առաջարկով, նրա հետ գնացել եւ գիշերել է ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող, Արայիկ Գ.-ին պատկանող շարժական տնակում, ուր կրկին իր կամքով եւ ցանկությամբ Արայիկ Գ.-ի հետ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ առավոտյան վերադարձել է տուն:
Վերադառնալով տուն, Կարինե Ա.-ն տեսել է, որ իր երեխաները եւ հարեւանուհիները անհանգստացած են իր գիշերային բացակայությունից, անծանոթ տղամարդկանց հետ գիշերն անցկացնելու հանգամանքը թաքցնելով, ներկայացրել է, թե իբրեւ իրեն իր կամքին հակառակ առեւանգել են, տարել բռնաբարել, որից հետո ներկայացել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին եւ գրավոր հաղորդում տվել` ծանր հանցագործության մեջ մեղադրել Արմեն Մ.-ին եւ Արայիկ Գ.-ին, որ Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասից իրեն առեւանգել են, տեղափոխել Արմավիրի մարզի տարածք, ուր բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքով, բռնի կերպով իր հետ սեռական հարաբերություն են ունեցել` բռնաբարել իրեն:
Քննելով գործը դատարանը վճռել է Կարինե Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Վճիռը կայացվել է հունվարի 21-ին:





























