Մարտի 1-ին ՀԱԿ-ը հանրահավաք կանի, որին կմասնակցեն նաեւ ՀԱԿ անդամ, բայց Կոնգրեսում տարաձայնություններ ունեցող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը եւ «Քրիստոնեական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին երկու կուսակցությունների ղեկավարները:
Սոս Գիմիշյանը նշեց, որ դեռեւս ՀԱԿ անդամ է, եւ մասնակցելու է ոչ թե ելնելով նրանից, որ ՀԱԿ անդամ է, այլ այն պատճառով, որ մարտի 1-ը մեր բոլորի ցավն է: «Դա ՀԱԿ-ի հետ այդքան էլ կապ չունի, առավել եւս, երբ որոշ ՀԱԿ անդամներ, մասնավորապես` Զուրաբյանը մարտի 1-ի վերաբերյալ հայտնի խոսակցությունում շատ անհարգալից քոմենթներ է անում, դա ամբողջ ազգի դժբախտությունն է, ցավն է: Դրա համար եմ գալու, նաեւ նրա համար, որ դեռեւս ՀԱԿ-ի անդամ եմ»,-ասաց նա:
ՀԱԿ համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ն ՀԱԿ անդամներ, որոնք չեն մասնակցելու մարտիմեկյան հանրահավաքին: Նա նշեց, որ նման հարց չի քննարկվել, եւ դեռեւս 5 տարի առաջ որոշում են ընդունել, որ մարտի 1-ը լինելու է 10 զոհերի հիշատակի օր, եւ իրենք այդ օրն իրենց բողոքն են հայտնելու այն կապակցությամբ, որ նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ռեժիմը կրակեց սեփական ժողովրդի վրա, հետո` կոծկեց այդ գործերը եւ դրանց մեծ մասը մինչեւ հիմա բացահայտված չեն:
Մեր հարցին, թե գաղտնալսված խոսակցության ժամանակ ձեր` մարտի 1-ի վերաբերյալ հայտնի հեգնական արտահայտությունից հետո, ինչպե՞ս եք մասնակցելու հանրահավաքին, Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Ես խնդրում եմ` դուք հիմա չզբաղվեք շատ գեշ, շատ տգեղ գործով, որն է` ԿԳԲ-ի սարքած նյութը մատուցել որպես իրողություն, եթե դուք դա անում եք, դուք դառնում եք ԿԳԲ-ի մատնիչ, ուղղակի անում եք նույն այն գործը, ինչի համար այդ մարդիկ կատարել են այդ ապօրինի գործողությունները: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ոչ մի դեպքում չանդրադառնալ այդ նյութի բովանդակությանը, որովհետեւ դա ԿԳԲ-ի սարքած նյութն է»:
Դիտարկմանը, թե դուք չե՞ք այդպես ասել, ձեր ձայնը չէ՞, ձեր խոսքերը մոնտաժե՞լ են, նա նշեց, որ ինչ-որ կար այդ մասին ասելու, իր հայտարարության մեջ ասել է:
ՀԱԿ պատգամավորը նաեւ նշեց, որ չի հետեւում գաղտնալսման փաստով հարուցված քրեական գործի ընթացքին, իսկ ՀՔԾ-ի վերջին հայտարարությունը այդ մասին համարեց անհոդաբաշխ բացատրություն: «Որովհետեւ այն գործողությունները, որ իրենք նկարագրել են այդ հաղորդագրության մեջ, որ կատարել են, անհասկանալի է, թե ինչու չեն հանցագործին գտել: Դա ինձ համար միանշանակ է, հենց դա էլ բացատրում է, թե ինչու բացահայտված չէ: Առաջին հայտարարության մեջ հայտարարել եմ, որ դա արել են մեր պետության, մեր երկրի հատուկ ծառայությունները` Սերժ Սարգսյանի հրահանգով: Հենց դա է պատճառը, որ գլուխները պատով էլ տան, այդ գործը չի բացահայտվի»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն «www.youtube.com» ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, թե քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում` Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա «Ռիչ» սրճարանում կայացած նրանց հանդիպման ընթացքում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով առայժմ հնարավոր չի եղել բացահայտել հանցագործությունը կատարած անձին:
Հիշեցնենք, որ Youtube-ում հայտնվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը: Խոսակցության հիմնական թեման եղել է ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքը ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցությանը, կայանալիք նախագահական ընտրությունները եւ ՀԱԿ-ի թեկնածուի առաջադրման հնարավորությունը: Բացի դրանից Լեւոն Զուրաբյանը բավականին արհամարհական տոնով է արտահայտվել Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին:
Youtube-ում ձայնագրության տեղադրումից հետո` այն հայտնվել է նաեւ լրատվամիջոցներում: Դրանից հետո Զուրաբյանը, նաեւ ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը, որի անունը եւս շոշափվել էր խոսակցությունում, հանդես են եկել հայտարություններով, որոնցում ԱԱԾ-ին մեղադրել են անձնական խոսակցությունների գաղտնալսման եւ հրապարակման մեջ, որը հակասում է ՀՀ-ի Սահմանադրությանը:





























