Ամբաստանյալին  ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալված ոստիկանի մայրը  պնդում է որդու անմեղությունը: NEWS.am-ի խմբագրություն է դիմել Վարդուհի Բախբուդարյանը` պնդելով, որ իր որդուն վերագրվող մեղադրանքներն անհիմն են:

Հիշեցնենք, որ խոսքը ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին է: Ռոբերտ Հովսեփյանը 2012-ի հոկտեմբերի 3-ին, այլ 5 անձանց հետ բերման է ենթարկվել ոստիկանություն՝ գողության կասկածանքով: Նա պնդում էր, որ խոստովանական ցուցմունքներ է տվել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո: Նրա փաստաբանի եւ հարազատների պահանջով՝ փորձաքննություն է անցկացվել, ըստ որի երիտասարդի մարմնի վրա տարբեր վնասվածքներ եւ ծեծից մնացած կապտուկներ է հայտնաբերել:

Հովսեփյանի փաստաբանը նշել էր, թեհարցաքննությունը տեղի է ունեցել առանց նրա փաստաբանի, ինչն անօրինական է: Երիտասարդը 2008-ի հունիսից գրանցված է Նյարդաբանական դիսպանսերում եւ հարցաքննությանը նրա փաստաբանի ներկայությունը պարտադիր է եղել: Նշենք, որ երիտասարդը բերման է ենթարկվել գողությունների շարքին առնչություն ունենալու կասկածանքով: Մեղադրանքի յոթ դրվագներից 6-ը հանվել են: Ոստիկանների գործողությունները բողոքարկելու արդյունքում, ոստիկանության  Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժնի երկու օպերլիազորների՝ Խաչիկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) եւ 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով:

Իր հերթին, Խաչիկ Բախբուդարյանի մայրը նույնպես պնդում է որդու անմեղությունը եւ նշում, որ Հովսեփյանի կողմից հնչեցված մեղադրանքները մտացածին են:  Կնոջ խոսքով, ով վկայակոչում է փաստաբանի կողմից տրամադրված տվյալները,  որդու գործընկերները նրա անմեղությունն ապացուցող ցուցմունքներ են տվել,  եւ անգամ Հովսեփյանը չի պնդել, որ ծեծի է ենթարկվել հենց  այդ երկու օպերլիազորների կողմից: Խափանման միջոցը փոխելու փորձերը եւս հաջողությամբ չեն ավարտվել:

Միաժամանակ կինը չի բացառում, որ «Հովսեփյանին աջակցում են կամ ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ հենց այդ երկու օպերլիազորների դեմ»: Թե ով` ոստիկանի մայրը չճշգրտեց:

Վարդուհի Բախբուդարյանը նաեւ նշեց, որ իր որդին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի  էթիկայի հանձնաժողովի փոխնախագահն է եւ  մեկ անգամ չէ, որ  ակտիվ աշխատանքի համար պարգեւատրվել է: