Ինդոնեզիայի արեւմտյան Աչեխ նահանգի Սուպրիյադի անունով բնակիչը, ով տեղի դատարանի կողմից կողոպուտի փորձի համար դատապարտվել է ութ ամիս ազատազրկման, պահանջել է երկարացնել իր դատավճիռը, քանի որ նրան բանտը շատ է դուր եկել:

«Բանտում մեզ անվճար կերակրում են, իսկ այսօր, ինչպես միշտ, նախաճաշին մեզ տվել են բրինձ եւ սմբուկից ու սոյայի հատիկներով փուռը դրված ուտեստով սուպ»,-պարզաբանել է նա լրագրողներին:

Ըստ  Jakarta Post թերթի` Սուպրիյադին բանտ է ընկել իր հարեւանին թալանելու փորձ կատարելուց երեք ամիս հետո: Թեեւ նա ոչինչ չի հասցրել գողանալ, սակայն դատախազը պահանջել է դատապարտել նրան մեկ տարի ազատազրկման, որն ի զարմանս դատարանում ներկա գտնվողների` նրան ավելի շատ էր ձեռնտու, քան ավելի թեթեւ պատիժը: Այժմ Սուպրիյադին մտադիր է  բողոքարկել դատարանի որոշումը, հաղորդել է «Գոլոս Ռոսիի»-ին:

«Մինչ իմ ճաղերի հետեւում հայտնվելը, ես սարսափելի կյանք էի վարում`շաբաթական վաստակելով 35 հազար ռուփիից ավելի քիչ (մոտ չորս դոլար): Եվ վախենում եմ `բանտից դուրս գալուց հետո նորից հայտնվել գործազուրկ վիճակում»,-նշել է նա: