ԱՄՆ-ում ծեր զույգին կպարգեւատրեն այն բանի համար, որ նրանք 80 տարի ապրել են որպես օրինական ամուսիններ, հաղորդում է Associated Press-ը:

97-ամյա Էնն Բիթարը եւ նրա 101-ամյա ամուսին Ջոն Բիթարը պատվավոր նշան եւ այլ նվերներ կստանան Worldwide Marriage Encounter կազմակերպությունից, որը ամենաամուր ընտանիքի մրցույթ էր հայտարարել: Բիթարների ամուսնությունն ամենաերկարակյացն է եղել եւ կազմակերպությունը Քոնեքթիքութ նահանգի այս զույգին հաղթող է ճանաչել: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին:

Բիթարները պատմել են, որ իրենք սիրահարված էին, բայց չէին ուզում ամուսնանալ պատանի հասակում, սակայն հետո ստիպված են եղել դա անել, քանի որ Էննի հայրը նախատեսում էր դստերն ամուսնացնել այլ տղամարդու հետ: Զույգը փախել է Նյու Յորք եւ 1932 թվականի նոյեմբերի 25-ին ամուսնացել: Ընտանիքի գոյության ընթացքում  նրանք 5 երեխա են ունեցել, 14 թոռ եւ 16 ծոռ:

Ամուսինների խոսքով` ոչ մի գաղտնիք էլ չկա, պարզապես իրենք հետեւել են մի քանի պարզ կանոնների` հաճույք ստանալ կյանքից, ապրել սեփական միջոցներով եւ միշտ կապ պահպանել ընտանիքի հետ, հաղորդում է Lenta.ru-ն: