ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է իր միջանկյալ զեկույցը Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Մասնավորապես նշվում է, որ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավն ավելի նկատելի է, թեեւ մի քանի այլ թեկնածուներ եւս ակտիվ քարոզարշավ են իրականացնում:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին եւ նրա կողմից ընտրությունների ժամկետը չհետաձգելու փաստին:
«Չնայած նրան, որ իշխանության մարմինները հայտարարել էին ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան ընտրությունների անցկացման մտադրության մասին, քարոզչական գործունեության եւ պետական գործառույթների միջեւ տարբերությունը տարանջատված չէ, անգամ այն դեպքում, երբ պաշտոնյաներն արձակուրդ են վերցնում ` քարոզարշավին մասնակցելու համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիռորդները տեղեկացնում են նաեւ գործող նախագահի քարոզչական գրասենյակների` պետական եւ տեղական մարմինների շենքերում տեղակայման դեպքերի մասին»,-նշվում է զեկույցում:
«Ընտրությունների վարչական նախապատրաստությունը տեղի է ունենում օրենքով սահմանված ժամկետների համաձայն: ԿԸՀ-ն շարունակում է աշխատել բաց եւ թափանցիկ: ԶԼՄ-ների մոնիտորինգը ցույց է տալիս, որ շեշտը դրվում է քաղաքական տեղեկատվության վրա: ԶԼՄ-ները պարբերաբար լուսաբանում են թեկնածուներին: Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը գերակայում են հեռուստաալիքների մեծ մասում: Բոլոր թեկնածուներն օգտագործում են անվճար եթերաժամանակը»,-ասված է զեկույցում:





























