Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պահանջել է հանրապետության տարածքում դադարեցնել մոգերի եւ կեղծ բուժողների գործուեությունը: Նա նաեւ կոչ է արել կրոնական եւ հասարակական գործիչներին գաղափարական պայքար սկսել խաբեբաների դեմ:

«Խաբեբաները վաստակում են մարդկանց տառապանքների եւ կորուստների հաշվին: Իրենց սեփական շահույթի համար նրանք ոչնչի առջեւ կանգ չեն առնում: Նրանք համոզում են, որ կարող են բուժել հիվանդությունները` ոչ մի գիտելիք եւ փորձ չունենալով: Եվ, ցավոք, բուժումների փնտրտուքների մեջ գտնվող մարդիկ ընկնում են խաբեբաների ճանկը»,- Գրոզնիի քաղաքապետարանում մահմեդական հոգեւորականների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քադիրովը:

Նա նշել է, որ խոշոր գումարների դիմաց հրաշագործության միջոցով խնդիրները լուծել առաջարկող խաբեբաները «թաքնվում են կրոնական համոզմունքների տակ` վարկաբեկելով Իսլամը»:

Հանդիպմանը հրավիրվել էին նաեւ հանրապետությունում կեղծ  բուժումներով զբաղվող բնակիչներ:

«Նրանցից ոմանք հաճախորդներին ներշնչել են, որ իրենք շեյխ կամ պայծառատես են եւ ընդունակ են ոչ միայն գուշակել ճակատագիրն, այլ նաեւ ազդել դրա վրա: Միեւնույն ժամանակ այսպես կոչված  "հոգեւոր ապաքինողները"  նույնիսկ չկարողացան կարդալ Ղուրանի գոնե մեկ հատված եւ չգիտեին աղոթքները»,- հայտնել են Չեչնիայի ղեկավարության մամուլի ծառայությունում:

Ըստ Յուգա.Ռու-ի` Քադիրովը նաեւ դիմել է հանդիպմանը հրավիրված հանրապետության բնակիչներին, որոնք զբաղվում են կեղծ բուժումներով եւ սեւ կախարդությամբ: Նա կոչ է արել նրանց` հետ կանգնել անօրինական եւ հակաիսլամական գործունեություններից: Ղեկավարը զգուշացրել է, որ նման գործողությունները խիստ պատժվելու են իրավասու մարմինների կողմից: