Իսրայելի իրավապահները Լացի պատի մոտ ձերբակալել են 10 կանանց, ովքեր եկել էին աղոթելու ծիսական սավաններով, որը թույլատրված է միայն տղամարդկանց:
Ակցիային մասնակցել է մոտ հարյուր կին: Սեռերի միջեւ կրոնական հավասար իրավունքների համար պայքարողներն ասել են, որ բողոքի շարժման 25 տարիների ընթացքում ադ բողոքն ամենազանգվածայինն էր, հաղորդել է «Ռոսբալթ»-ը:
Բացի «Թալիթների» արգելքի վերացումից, «Պատի կանայք» շարժման ակտիվիստուհիները ձգտում են իրավահավասար լինել տղամարդկանց, բարձրաձայն կարդալ Հնգամատյանից հատվածներ, եւ փչել «շոֆար» ծիսական փողից:
Օգոստոսի 20-ին եւս Իսրայելի «Պատի կանայք» ֆեմինիստական շարժման մասնակից կանայք ձերբակալվել են Երուսաղեմի Լացի պատի մոտ: Իշխանությունների խոսքով` նրանք խախտում են կատարել` թալես (թալիթ) հագնելով, որը տղամարդկանց համար է:
Լացի պատը կամ Արեւմտյան պատը, որը բաժանված է կանանց եւ տղամարդկանց բաժինների, համարվում է հրեական Հերովդես թագավորի կառուցած եւ հռոմեական լեգեոնի կողմից ավերված հնագույն Վանքի միակ պահպանված մասը:





























