Մոսկվայում բացահայտված հանցագործությունների մոտ 50 տոկոսը կատարում են այլ քաղաքների բնակիչները, որոնց 17 տոկոսը հարեւան երկրների բնակիչներ են: Այս մասին հայտնել է Մոսկվայի ոստիկանության ղեկավար Անատոլի Յակունինը` «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում:
«Պատկերացրեք, որ եթե այդ տոկոսները չլինեին, Մոսկվայում կլիներ Ռուսաստանում հանցավորության նվազագույն մակարդակը»,-ասել է նա, հստակեցնելով, որ վերջին մեկ տարում երկրում ապօրինաբար գտնվելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ավելի քան 33 հազար օտարերկրացի, որոնցից մոտ 3 հազարն արտաքսվել է երկրի տարածքից:
Յակունինի խոսքով` մայրաքաղաքում կատարված հանցագործությունների 60 տոկոսը գողություններն են: Միաժամանակ, վերջին տարում Մոսկվայում զգալիորեն կրճատվել են սպանությունների, բռնաբարությունների եւ առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը: Փոխարենը 15 տոկոսով աճել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները:
Նշենք, որ ըստ Յակունինի ներկայացրած թվերի, Մոսկվայում օտարերկրացիների կողմից կատարված հանցագործությունների թիվն ընդամենը 8,5 տոկոս է:




























