Կոստանդնուպոլիսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսն առաջին անգամ հրապարակայնորեն արտահայտվեց Ստամբուլի` Սուրբ Սոֆիայի տաճարը գործող մզկիթ դարձնելու Թուրքիայի իշխանության մտադրության մասին։ Այս տեղեկությունը տարածել է եկեղեցական նորությունների Amen հունական գործակալությունը։

«Մեկ կցանկանայինք, որ ստատուս-քվոն (Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը) մնա անփոփոխ։ Թանգարան եք դարձրել, թող այդպես էլ մնա», - հայտարարել է նա թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցում։

«Ես այցելել եմ Տրապիզոնում գտնվող Պանագիա Սումելա մենաստան, որտեղ Սուրբ Պատարագ եմ տվել, ինչպես նաեւ այցելել եմ այստեղ գտնվող Սուրբ Սոֆիայի տաճար։ Այն ժամանակ ես պատասխանեցի Տաճարը մզկիթի վերածելու մասին լրագրողների հարցին` ասելով, թե ավելի լավ կլիներ, որ Տաճարը մնար թանգարան, քանի որ այդ դեպքում այն հասանելի կլիներ բոլորին», - Կոստանդնուպոլսի եկեղեցու գլխավորի խոսքերն է մեջբերում «Ուղղափառություն.by» կայքը։

«Ինչ վերաբերում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին, ապա այն գործել է որպես քրիստոնեական տաճար ավելի քան հազար տարի։ Եթե այնտեղ պետք է ծառայություն լինի, թող այն որպես քրիստոնեական եկեղեցի գործի, քանի որ այն ի սկզբանե որպես քրիստոնեական տաճար է կառուցվել, եւ ոչ՝ մզկիթ։ Այդ պատճառով էլ ցանկանում ենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մնա թանգարան», - հայտարարել է պատրիարք Բարդուղիմեոսը։

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարում մուսուլմաններին ծառայություն անցկացնելու թույլտվություն տրամադրելու հարցը Թուրքիայի ազգային ժողով է ուղղել երկրի քաղաքացի, Կախրամանմարաշ քաղաքի (հարավ-աերեւլյան Թուրքիա) բնակիչ Թալիփ Մփոզքուրթը։

324 - 337 թվականներին Բյուզանդիայի կայսր Կոնստանտին I-ի կառուցած Բյուզանդական ճարտարապետության աշխարհահռչակ հուշարձանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, 1453 թվականին, Կոստանդնուպոլսի անկումից անմիջապես հետո վերածվել էր մզկիթի։ 1935 թվականին այն թանգարանի կարգավիճակ ստացավ, իսկ 1985-ին Ստամբուլի պատմական կետրոնի մյուս հուշարձանների հետ միասին ներառվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մեջ։