Ադրբեջանը եվրոպական կառույցներում տեղեկություններ է տարածում, թե Հայաստանը դեմ է «Եվրանեսթի» գաղափարին: Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ հանդիպման ընթացքում:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ձեւաչափի շուրջ կատարված աշխատանքը եւ ԱԺ-ում ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ քննարկել է Արեւելյան գործընկերության` «Եվրանեսթի» աշխատանքի վերջնական փուլը:

Օչոայի հաղորդմամբ` որոշ տեղեկություններ են տարածվում առ այն, թե իբր Հայաստանը դեմ է «Եվրանեսթի» գաղափարին: Տիկին Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ, ըստ ամենայնի, նման տեղեկություններ տարածվում են հարեւան Ադրբեջանի կողմից` հաշվի առնելով այն, որ հայկական կողմը հստակ նշել է այն խնդիրները, որոնք իր համար ընդունելի են եւ պետք է լինեն «Եվրանեսթում» քննարկման առարկա, նշել է նաեւ այն վերապահումները, որոնք Հայաստանի համար ընդունելի չեն. մասնավորապես այն, որ Եվրանեսթում չի կարող քննարկման առարկա դառնալ ԼՂ հիմնահարցը:

ԵՄ խորհրդատուն տեղեկացրեց, որ Բրյուսելում մարտի 23-ին եւ 24-ին նախատեսված է «Եվրանեսթի» մասնակից պատվիրակությունների առաջին հավաքը: