Հունաստանում կանխվել է անարխիստական ահաբեկչական «Կրակե բջիջների դավադրություն» կազմակեպության անդամ, նավատիրոջ առեւանգման համար դատապարտված հատկապես վտանգավոր հանցագործ Պանայոտիս Վլաստոսի` բանտից ուղղաթիռով փախուստի դիմելու փորձը:

Ուղղաթիռը, որում չորս մարդ է եղել` օդաչուն եւ երեք ալբանացիներ,  բանտին է մոտեցել փետրվարի 24-ի երեկոյան,  իջեցրել կախովի աստիճանը` Վլաստոսին բարձրացնելու համար: Ոստիկանները կրակ են բացել, վնասել ուղղաթիռը` ստիպելով վայրէջք կատարել: Վլաստոսն աստիճանից ընկել է եւ վնասվել: Չի բացառվում, որ օդաչուին զենքով են սպառնացել թռչել: 

Վլաստոսն արդեն երկու անգամ փորձել է փախչել բանտից: 2011թ.  նա կազմակերպության  եւս երեք դատապարտյալների հետ Աթենքի  «Կորիդալոս» բանտում 30 պատանդ էր վերցրել, սակայն այն ժամանակ բանտարկյալները հանձնել էին զենքերը եւ վերադարձել իրենց խցիկները, գրում է «ՌԻԱ Նովոստին»: 

Վլաստոսը դատապարտվել էր 2009թ.`  հույն հայտնի նավատեր Պերիկլիս Պանագոպուլոսի առեւանգման համար, իսկ ձերբակալությունից հետո հայտնել էր «Կրակե բջիջների դավադրություն» կազմակեպության անդամ լինելու մասին, որը  ստանձնել էր մի շարք աղմկոտ հարձակումների պատասխանատվությունը:

Հատկանշական է, որ փետրվարի 22-ին Հունաստանի ոստիկանությունը հայտնել էր, որ փետրվարի 1-ին բանկի կրկնակի կողոպուտի համար ձերբակալված  անարխիստների բնակարաններից մեկի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ուղղաթիռի օգնությամբ իրենց թիմակիցներին բանտից ազատելու ծրագիր: