Երեկ ժամը 16-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված Սարիբեկ Սուքիասյանը (գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը) եւ Արտաշ Ստեփանյանը ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկաններր ներխուժել են «Սիլ Գրուպի» գրասենյակ ու չնայած չի եղել որեւէ դիմադրություն` նրանք կոտրել են դռները, մտել Սարիբեկ Սուքիասյանի աշխատասենյակ ու նրան, ինչպես նաեւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանության աշխատակիիցները սկզբում խոչընդոտել են, որպեսզի Ս. Սուքիասյանի պաշտպանները այցելեն իրենց պաշտպանյալին, սակայն հետագայում, երբ ոստիկանության բաժին են եկել նաեւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, նրանց եւ պաշտպաններին ներս են հրավիրել եւ ներկայացրել իրենց գործողությունների պատճառը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին:

2009թ. նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը:

Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է «Սիլ գրուպ»-ի գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր: Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը:

Նկատենք, որ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին ու Արտաշ Ստեփանյանին, բերման են ենթարկել ոչ թե ժամը 18-ին, ինչպես նշում է ոստիկանությունը, այլ ժամը 16-ին, քանի որ դրանից արդեն կես ժամ անց, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այդ փաստի առնչությամբ:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008թ. նախագահական ընտրություններին բացահայտ աջակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մարտի 1-ի դեպքերից հետո նա մեկուկես տարի գտնվում էր հետախուզման մեջ: