Լվովում անհայտ անձինք դեպոյից տրամվայ են գողացել եւ քաղաքում շրջել են դրանով, այնքան, մինչեւ այն գծերից դուրս է ընկել ու մխրճվել մի շենքի մեջ։ Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը՝ վկայակոչելով Լվովի շրջանային միլիցիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սվետլանա Դոբորվոլսկայային։

Նրա խոսքով, իրավապահ մարմիններ Լվովի տրամվայի դեպոյի տնօրենից դիմում է ստացվել, որ անհայտ անձինք մարտի 1-ին, ժամը 22:40-ի սահմաններում դեպոյի տարածքից 5 համարի տրամվայ են գողացել։ Կեսգիշերին մոտ օպերատիվ ծառայության հեռախոսին հաղորդագրություն է եկել, որ Զամարստինովսկի եւ Գայդամացկի փողոցների խաչմերուկում տրամվայը գծերից դուրս է եկել եւ մխրճվել մի շենքի մեջ։

Տրամվայ գողացողները թաքնվել են դեպքի վայրից։ Տրամվայի շարժման ընթացքում, ինչպես նաեւ գծերից դուրս գալուց հետո տուժողներ չեն եղել։ Տան բնակիչները նույնպես չեն տուժել, հաղորդում է «Լենտա.ռու»-ն։