Անցած շաբաթ օրը Երեւանում կայացել է Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսատեսին ներկայացվել է Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներ, որից հետո կայացել է փառատոնի առաջին ֆիլմի՝ «Ակվարիում»-ի ցուցադրությունը: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում եւ BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակել է 2013 թվականը Միջազգային ջրային համագործակցության տարի: Պայմանավորված վերը նշվածով Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնին ներկայացված ֆիլմերը անդրադառնում են ջրային թեմային:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է հայ հանդիաստեսին ներկայացնելու բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները: Կինոարվեստն այն ազդեցիկ եւ տպավորիչ միջոցն է, որը թույլ է տալիս ներկայացնել ժամանակակից աշխարհի առջեւ կանգնած մարտահրավերների լուծման բրիտանացի ռեժիսորների մեկնաբանությունները»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

«Որպես Հայաստանի խոշորագույն  հեռահաղորդակցության օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը  աջակցում  է  մշակութային եւ բնապահպանական ծրագրերին: Մենք հաճույքով ընդունեցինք  Բրիտանական խորհրդի առաջարկը եւ դարձանք փառատոնի գլխավոր գործընկեր: Ջրային պաշարների հետ կապված մտահոգությունները բավականին լուրջ քննարկվում են ամբողջ աշխարհում  եւ այն արդիական է նաեւ Հայաստանում: Մենք բոլորս շատ ենք սիրում մեր երկիրը եւ հոգ ենք տանում շրջակա միջավայրի հանդեպ, իսկ այս փառատոնը հնարավորություն է ընձեռում մեզ այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: Կարծում եմ շատ կարեւոր է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվեն ոչ միայն մասնագիտացված կազմակերպություններ, այլ նաեւ մշակույթի ներկայացուցիչները»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը

Փառատոնի շրջանակում «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվի բրիտանացի կինոգործիչների կողմից ստեղծված 9 ֆիլմ: Մարտի 2-ից  մարտի 7-ը ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա»  կինոթատրոնում ժամը 16:00-ին եւ 18:00-ին, իսկ մարտի 8-ից մարտի 10-ը «Նաիրի» կինոթատրոնում` ժամը 14:30 եւ 16:30: Մուտքն ազատ է:

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ: