Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել «Էսկուլապ» ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանի այն հայտարարությունների վերաբերյալ, ըստ որի՝ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը կարող է խաթարել մրցակցությունը դեղերի շուկայում:
Ա. Սահակյանի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է. «Դեղն այն առանձնահատուկ ապրանքն է, որի շրջանառությունն, ի տարբերություն այլ ապրանքների, ենթարկվում է խստագույն կարգավորման` որոշակի սահմանափակումներով (կիրառվող դեղերի պարտադիր պետական գրանցում, ներմուծման հսկողություն եւ այլն), որից կարող է տուժել նաեւ դեղագործական շուկայում ազատ մրցակցությունը; Դեղի համար առաջնայինը դրա անվտանգության, արդյունավետության ու որակի ապահովումն է։ Իսկ ֆինանսական մատչելությունն ապահովվում է դեղերի գների պետական կարգավորմամբ, ինչպես դա արվում է քաղաքակիրթ աշխարհում»:
Ըստ Ա. Սահակյանի՝ դեղերի միջնորդավորված ներկրումը (այսինքն՝ երբ դեղը չի ներկրվում անմիջապես արտադրողից կամ նրա կողմից լիազորված անձից) կարող է նպաստել կեղծ ու անորակ դեղերի ներթափանցման աճին; Բացի այդ՝ դեղերի որակը կարող է ընկնել տեղափոխման եւ պահպանման պայմանների հնարավոր խախտումների պատճառով:
«Ներմուծման ժամանակ լաբորատոր փորձաքննությունը մեծ թվով դեղերի համար երկարացնում է ներմուծման թույլտվության ժամանակահատվածը` ավելացնելով ծախսերը: Բացի այդ, դեղի որակի լաբորատոր փորձաքննության ցուցանիշներն անհրաժեշտ, բայց բավարար չեն դեղի արդյունավետությունը գնահատելու համար... Պետք է նշել, որ հիշյալ դրույթը չի սահմանափակում ազատ մրցակցությունն այն առումով, որ միեւնույն դեղը հանդես է գալիս բազմաթիվ առեւտրային անվանումներով ու դեղաբանական համարժեքներով: Ոչ մրցակացային դիրքի դեմ պայքարելու համար դեղագործական շուկայում պետք է ապահովել տվյալ դեղի տարբեր համարժեքների եւ հոմանիշների առկայությունը: Իսկ մեր երկրում մենաշնորհային դիրքի չարաշահման հնարավորությունը կանխվում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությամբ»,- նշել է Ա. Սահակյանը:
Ինչ վերաբերում է շվեյցարական Վոլտարենին, որն ավելի շահավետ է ձեռքբերել ոչ թե արտադրողից, այլ այլ երկրի պահեստներից, Ա. Սահակյաը նշել է. «բերված օրինակը ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն, քանի որ հայտնի փաստ է, որ անմիջապես արտադրողից դեղը ձեռք է բերվում ավելի ցածր գնով, քան միջնորդ կազմակերպություններից: Միջնորդ կազմակերպություններից ներմուծման թույլտվության պարագայում նախ արտադրողն «ազատվում» է տվյալ դեղի որակի, անվտանգության եւ արդյունավետության համար օրենքով սահմանված պատասխանատվությունից` այն թողնելով ներմուծման հավաստագիր տրամադրող կազմակերպության` ՀՀ առողջապահության նախարարության վրա: Արտադրող կազմակերպությունն, ի պատասխան մեր հարցման, գրությամբ հայտնել է, որ «Վոլտարեն» դեղի այդ սերիան արտադրված է ոչ հայաստանյան շուկայի համար եւ ինքը պատասխանատվություն չի կրում Հայաստանում այդ դեղի որակի եւ անվտանգության համար»:



























