Մարտի 7-ին ժամը 14.00-ին «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի գրասենյակում Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր Յան Հեյդն Սմիթը կվարի դասընթաց, որին ներկա կլինեն Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Կրթական եւ երիտասարդական ծրագիր Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում, Բրիտանական խորհրդի, Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) կազմակերպած Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մեկնարկել է կրթական եւ երիտասարդական ծրագիրը:

Մարտի 4-ին ծրագիրն սկսել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Ալֆրեդ Հիչքոքի «Կենվորը» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո տեղի է ունեցել քննարկում եւ վարպետության դասընթաց Միջազգային կինոուղեցույցի (International Film Guide) խմբագիր Յան Հեյդն Սմիթի մասնակցությամբ:

«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի եւ Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ: Հատկապես կարեւոր է փառատոնի թեման:  Այսօր ամբողջ աշխարհում արդիական դարձած բնապահպանական հարցերն առաջին հերթին պետք է գտնվեն երիտասարդների ուշադրության կենտրոնում: Չափազանց կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ այս հարցերի մասին խոսում են արվեստի լեզվով»,- նշել է  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Կրթական եւ երիտասարդական ծրագրի շրջանակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ցուցադրվելու է փառատոնի ֆիլմերը եւ բրիտանական կարճամետրած ֆիլմերը: Ցուցադրությունը բաց է լինելու կենտրոնի սաների համար: Իսկ մարտի 3-ից -11-ը «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի աջակցությամբ կինոքննադատ Յան Հեյդն Սմիթը կանցկացնի կինոգրախոսության դասընթաց:

Մարտի 11-ից մարտի 15-ը ֆիլմերը կցուցադրվեն Երեւանի Պետական Համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մենք միշտ կազմակերպում ենք դասընթացներ եւ հանդիպումներ, ինչը հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալ Միացյալ Թագավորության կինոարտադրության փորձին», - նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի բացումը կայացել է մարտի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնը նվիրված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակված Միջազգային ջրային համագործակցության տարվան: Փառատոնի պաշտոնական ծրագիրը կշարունակվի մինչեւ մարտի 11-ը, որից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաեւ մարզերում եւ զորամասերում: