Google Doodle-ը մարտի 7-ին նվիրված է ուկրաինացի ռեժիսոր –անիմատոր Վլադիմիր Դախնոյին՝ «Թե ինչպես կազակները...» հայտնի մուլտֆիլմաշարի հեղինակին: Պատկերված են հայտնի մուլտֆիլմերի հերոսները, կազակներից մեկը կանգնած է որպես պատվանդան ծառայող «o» տառի վրա, մյուսը երկրորդ «o»-ն վզից է կախել, երրորդը «g»-ն ծանրաձողի նման բարձրացրել է գլխից վեր:
Ուկրաինական անիմացիայի ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝ Վլադիմիր Դախնոն, ծնվել է 1932թ. Զապորոժյե քաղաքում: Դպրոցն ավարտելով՝ սկզբում բժշկական ինստիտուտ է ընդունվել, բայց գրեթե անմիջապես էլ տեղափոխվել է Կիեւի ճարտարագետա-շինարարական ինստիտուտ, որտեղ հաճախ զվարճանում էր՝ կազակներին տարբեր իրավիճակներում նկարելով եւ աննկատ դրանք պրոեկտորի մեջ դնելով, որտեղ համաշխարհային ճարտարապետական գլուխգործոցներն էին ցուցադրվում:
Ավելի ուշ Դախնոյի արտասովոր ճարտարապետական նախագծերը գրավել են հայտնի մուլտիպլիկատորներ Մարկ Դրայցունի եւ Դավիթ Չերկասկիի ուշադրությունը, որոնք նրան ստուդիայում աշխատելու առաջարկ են արել:
«Թե ինչպես կազակները...» մուլտֆիլմի առաջին սերիան, որտեղ Դախնոն ռեժիսոր եւ սցենարիստ էր, թողարկվել է 1967թ.:
«Ես շատ երկար չեմ մտածել կազակների մասին, վերցրել ու նկարել եմ: Հետո ինձ ասացին, որ նրանց միջոցով շատ ճշգրիտ ներկայացրել եմ ուկրաինական ոգին»,- Դախնոյի խոսքերն է մեջբերում segodnya.ua-ը:




























