Իսպանիայում մահացել է բրիտանացի կիթառահար, Ten Years After խմբի հիմնադիր Էլվին Լին: Նա մահացել է 68 տարեկան հասակում սովորական վիրահատությունից հետո:

Մտերիմները պատմել են, որ բժշկական միջամտությունից հետո երաժշտի մոտ հանկարծակի բարդություններ են սկսվել, որոնք ճակատագրական են դարձել նրա համար, հայտնում է NTV-ն:

Էլվինի հաջողությունը եկել էր Վուդսթոկում 1969թ. ելույթից հետո: Այն ժամանակ էլ նրան ուշադրություն դարձրին պրոդյուսերներն ու երաժշտություն գնահատողները: Երկու տարի անց նա եւ իր խումբը պայմանագիր կնքեցին Columbia Records-ի հետ եւ թողարկեցին A Space in Time ալբոմը, որում ընդգրկված էր I`d Love To Change The World երգը:

Խմբի առաջատարն իր կարմիր Gibson ES-335 կիթառով դարձել էր ռոք-երաժշտության կուռքերից մեկը: Ten Years After-ը 28 շրջագայություն է ունեցել ԱՄՆ-ում, ավելի հաճախ, քան բրիտանական այլ խումբ: 

2009թ. Էլվին Լին ընդգրկվել էր բրիտանական Classic Rock հանդեսի` մեծագույն կիթառահարների ցանկում: