Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի վթարված օդանավի բեկորների նոր փորձաքննության արդյունքում պայթյունի հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացրել է Ռուսասատանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը, հավելելով, որ փետրվարի 18-ին համատեղ աշխատանքներին մասնակից լեհ եւ ռուս քննիչներն ավարտել են վթարի հետաքննությունը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի Տու-154 օդանավի վթարը տեղի էր ունեցել 2010թ. ապրիլի 10-ին: Լեհական պատվիրակությունն ուղեւորվել էր Սմոլենսկ՝ Կատինի սգո արարողություններին մասնակցելու համար: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով օդանավը վթարի էր ենթարկվել: Օդանավում գտնված բոլոր 96 մարդիկ զոհվել էին:
2011թ. հունվարին ՄԱԿ-ը հրապարակել էր տեխնիկական հետաքննության արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույց, ըստ որի՝ աղետի անմիջական պատճառ էր ճանաչվել պահեստային օդանավակայան չգնալու անձնակազմի որոշումը:
Անցյալ տարվա աշնանը լեհական Rzeczpospolita թերթը գրել էր, որ վթարի ենթարկված օդանավի բեկորներին հայտնաբերվել էին տրոտիլի եւ նիտրոգլիցերինի հետքեր: Սակայն ռազմական դատախազությունը հերքել էր հրատարակչության բերած տվյալները, իսկ Rzeczpospolita-ի գլխավոր խմբագիրը եւ նրա երեք աշխատակիցներ հեռացվել էին աշխատանքից:




























