Հյուսիսային Կորեան սպառնացել է, որ երկրի վրա հարձակման դեպքում պատրաստ է հարձակվողներին կանխարգելիչ միջուկային հարվածով պատասխանել:
«Քանի որ ԱՄՆ-ն մոտ է միջուկային պատերազմ սկսելուն, մենք կիրականացնենք ագրեսորների դեմ միջուկային հարված հասցնելու մեր իրավունքը` ի շահ մեր երկրի պաշտպանության»,- ասվել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Կիմ Մին Սեկը մարտի 7-ին հաղորդել է, որ ԿԺԴՀ-ում զորավարժություններ են կատարվում, որին մասնակցում են բանակը, նավատորմն ու ավիացիան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ ԿԺԴՀ ԶՈւ գերագույն հրամանատարության ներկայացուցիչը սպառնացել է չեղյալ հայտարարել խաղաղության մասին 1953 թվականի համաձայնությունը, իսկ ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային պատասխան միջոցներ է խոստացել:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ամերիկայի դիվանագետները ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացրել են ԿԺԴՀ վերաբերյալ նոր բանաձեւի նախագիծը: Բանաձեւի քննարկումը սկսվել է 2013 թվականի փետրվարի 12-ին Փհենյանի կողմից` միջուկային երրորդ փորձարկումից հետո: Բանաձեւի ամերիկյան տարբերակը պատրաստ է ընդունել եւ Ռուսաստանը:




























