Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 7-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ քաղաքական ակտիվ երկխոսության եւ համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի այցելությունները Հայաստան:

Եվրամիության ղեկավարության եւ եվրոպական տարբեր կառույցների դրական գնահատականները Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, մասնավորապես ս.թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին, Հանրապետության նախագահի համոզմամբ, լավ խթան են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, թե միանում է Եվրամիության ղեկավարների շնորհավորանքներին եւ հաջողություններ է մաղթում Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ շրջանում, նաեւ՝ Հայաստանի եվրամերձեցման նախաձեռնություններում: Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանը կարեւոր երկիր է, եւ այդ երկրում խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարական գործընթացները նույնքան կարեւոր են:

ՀՀ նախագահը եւ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ տարածաշրջանի զարգացումներին եւ Հայաստանում հետընտրական գործընթացներին: