Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանն, այսօր` մարտի 7-ին, չհայտարարված այց է կատարել Մալի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մտադիր է տեղում ծանոթանալ «Սերվալ» հակաահաբեկչական գործողության առաջընթացին, որն սկսվել է հունվարի 12-ին:
Ակնկալվում է, որ Լե Դրիանը կայցելի Մալիի մայրաքաղաքից հյուսիս գտնվող առանցքային քաղաքներ, այդ թվում խոշոր Գաո քաղաք, որը մինչեւ ֆրանսիացիների միջամտությունը մոտ կես տարի գտնվել է իսլամիստների ձեռքում:
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ Մալիում ռազմական գործողություններով զբաղվող ֆրանսիական զորքը (մոտ 4 հազար) դուրս կբերվի այս տարվա ապրիլի սկզբին: Ավելի վաղ, Ֆրանսիայի պաշտոնյաները հայտարարել էին, որ զորքի աստիճանաբար դուրս բերումը կսկսվի արդեն մարտից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թեեւ Ֆրանսիան արդեն մոտ երկու ամիս է Մալիի տարածքում ահաբեկիչների դեմ պայքար է մղում «Իսլամական Մահրիբի երկրների ալ Քաիդայի» կողմից պատանդ վերցված յոթ ֆրանսիացիների ազատագրման համար, բայց նրանց ազատագրել դեռ չի հաջողվել:




























