Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ Արման Փինարբասին նամակով  դիմել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ հույս է հայտնում, որ ՀՀ կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի Հայաստանում «Carrefour Armenia»-ի գործունեության մեկնարկին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Պարոն Վարչապետ,

Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը, որը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2011թ-ի աշնանը, իր շուրջն է համախմբում Հայաստանում ներկայացված խոշորագույն ֆրանսիական, ինչպես նաեւ Ֆրանսիայում իրենց գործունեությունը ծավալող հայկական ընկերություններին:

Ակումբի գործունեությունը միտված է մեր իրավասությունների շրջանակներում ներկայացնել անդամակցող ընկերությունների շահերը պետական մարմիններին, ինչպես նաեւ նպաստել երկու երկրների միջեւ տնտեսական, առեւտրային, գիտատեխնիկական կապերի զարգացմանը:

2012թ-ի դեկտեմբերից ակումբի անդամ է նաեւ «Carrefour Armenia» ընկերությունը:

Վստահ ենք, որ «Carrefour»-ի ժամանումը շոշափելիորեն  կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես, որակյալ աշխատատեղերի ստեղծմանը եւ սպառողներին մատուցվող  ծառայությունների բարելավմանը՝ թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից: Այդ իսկ պատճառով Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը կարեւորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանը՝ ի նպաստ տնտեսության եւ հայ ժողովրդի:

Տեղյակ լինելով Ձեր նվիրվածությանը այս ծրագրի հաջողության գործում` կանխավ շնորհակալություն ենք հայտնում «Carrefour» ընկերության՝ Հայաստանում հաստատման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերի  համար»: