Վերջերս Լիտվա կատարած այցի ընթացքում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հարցարզույց է տվել 15min.lt պորտալին` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին:

Նա նշել է, որ, մասնավորապես, Ղարաբաղի բնակչության համար խնդիրը վաղուց լուծված է, սակայն անհրաժեշտ է ղարաբաղցիների եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցության քաղաքակիրթ միջոց գտնել: Միրզոյանը ցավով արձանագրել է, որ թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն ընթանում են 1992 թվականից, սակայն մինչ օրս կարգավորման գործուն մեխանիզմ չի գտնվել, առաջին հերթին Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:

Անդրադառնալով բաքվի կողմից ռազմաշունչ սպառնալիքներին, Կարեն Միրզոյանն ասել է, որ քանի դեռ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից նման արտահայտություններ են հնչում, պատերազմի վերսկսման հավանականությունը պահպանվում է: Նրա խոսքով` այդ սպառնալիքը կվերանա այն ժամանակ, երբ Ադրբեջանն ավելի բաց, հանդուրժող դառնա եւ ազատվի ռազմատենչ տրամադրություններից:

«Դրա փոխարեն Ադրբեջանը զինվում է եւ իր հասարակության մեջ ձեւավորում հայ թշնամու կերպարը, անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, եթե նույնիսկ նա Լիտվայի քաղաքացի է»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը տալիս է բոլոր հնարավորությունները բանակցությունների համար, բայց միայն բանակցությունների բոլոր փուլերին ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության դեպքում կարելի է հանսել արդյունքների: Միրզոյանը նկատել է, որ ժամանակակից աշխարհում հակամարտությունների լուծման դեպքում գնալով ավելի հաճախ է դրվում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:

ԼՂՀ ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղը վաղ թե ուշ դառնալու է միջազգային հանրության լիիրավ անդամ: