Հայաստանի ոստիկանության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 59/1 հասցեում հայտնաբերել են կեղծ կոնյակի արտադրամաս։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետաքննությամբ պարզվել է, որ 1950թ. ծնված Սամվել Հ.-ն 2005 թվականից հիշյալ հասցեում վարձակալել է տարածք եւ զբաղվում է կեղծ կոնյակի արտադրությամբ։

Նրա գործընկեր, 1959թ. ծնված Մանուկ Ս.-ն, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ։ Ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է 5 շիշ կոնյակ, իսկ վերը նշված արտադրամասում` կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված «Նաիրի» տեսակի 108 շիշ կոնյակ, կոնյակի 120 դատարկ շիշ, դրանց համար նախատեսված խցաններ, պիտակներ եւ 1500 հատ ակցիզային կեղծ դրոշմանիշ։

Արտադրամասում հայտնաբերվել է նաեւ 6 տակառ, որոնց մեջ եղել է կոնյակի նմանվող հեղուկ։

Սամվել Հ.-ն իր բնակարանից ներկայացրել է նաեւ «Նաիրի», «Մակար» եւ «Ցար Տիգրան» տեսակի 11 շիշ կոնյակ։ Նա հայտարարել է, որ այդ գործունեությամբ զբաղվում է 2005 թվականից եւ տարբեր քաղաքացիների ու գործող օբյեկտների վաճառել է իր կողմից պատրաստված շուրջ 10 հազար լիտր կեղծ կոնյակ։

Պարզվել է նաեւ, որ ակցիզային կեղծ դրոշմանիշները, ինչպես կեղծ պիտակները, խցանները, հոլոգրաֆիկ նշանները Սամվել Հ.-ն ձեռք է բերել 1960թ. ծնված Խաչատուր Մ.-ից, որին 2009թ. դեկտեմբերին տվել է 170 հազար դրամ, իսկ իրեն, որպես շահույթ, նույն ժամանակահատվածում մնացել է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են պետեկամուտների քննչական վարչություն` հետագա ընթացքը պարզելու համար։