Ցավալի է, որ Հայաստանը չօգտվեց պաշտոնական մակարդակով Ռամիլ Սաֆարաովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը: Նշենք, որ Արա Ղազարյանը ՄԻԵԴ-ում ներկայացնում է մեկ այլ գործ` ադրբեջանական բանտում ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան գործով:

«Կարծում եմ` Հայաստանն ասելու բան կունենար»,- նկատել է Արա Ղազարյանը` հավելելով, որ որոշումն, ըստ ամենայնի, կրել է քաղաքական, այլ ոչ իրավաբանական ենթատեքստ: Հարցին` հնարավոր է, որ երկու գործերը մեկ վայրույթում ընդգրվեն, փորձագետը նման առաջարկը քիչ հավանական համարեց: Նրա խոսքով, նրանց մեկ դրույթ է միավորում` Ադրբեջանում այլատյացության եւ հայատյացության քարոզչության մասով:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, հայկական կողմը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ռամիլ Սաֆարովի գործով: Մասնավոր հայցը ներկայացրել են զոհված սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները: Չնայած նրան, որ հայկական պաշտոնական մարմինները զերծ են մնում քայլերից, մտադիր են ժամանակին ակտիվ մասնակցություն ունենալ գործում որպես երրորդ կողմ:

Բողոքը վերաբերում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին (կյանքի իրավունք) եւ 14-րդ հոդվածին (խտրականության արգելում): Դատաքննությունը կարող է ձգվել 2-ից 4 տարի:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: