Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մարտի 11-ին, ընդունել է Երեւանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը եւ վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքով` այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու առեւտրատնտեսական համագործակցությունը, սերտացնելու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը:

Շնորհակալություն  հայտնելով ընդունելության համար` Վերա Մաշադոն նշել է, որ Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ եւ իր այցելությունը հենց այդ նպատակին է ծառայում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ: