Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին:
Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ Սայմոն ֆրեյզերի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման համար:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ շահագրգռվածությունը՝ հայ-բրիտանական համագործակցության զարգացման եւ տնտեսական նոր կապերի հաստատման գործում: Սայմոն Ֆրեյզերը նշել է, որ իրենք հետաքրքրված են հայաստանյան շուկայում բրիտանական ընդկերությանների ներգրավվածության ընդլայնմամբ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:
Կողմերն անդրադարձել են նաեւ ֆինանսական, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, դեղագործության բնագավառներում հնարավոր համագործակցությանը:
Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ՝ Սայմոն Ֆրեյզերը Մեծ Բրիտանիայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ճանապարհին:



























