Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մարտի 11-ին ստիպված էր հրաժարվել Վեսթմինսթրի աբբայության տոնական պատարագին մասնակցելուց՝ հիվանդության պատճառով, հայտնում է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Եղիսաբեթը կմասնակցի մարտի 11-ի երեկոյան տոնական ընդունելությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Այնտեղ նա կարող է իրավահավասարության խարտիա ստորագրել, որը կմիավորի Մեծ Բրիտանիան եւ նրա նախկին գաղութները` ընդամենը 55 երկիր:
Խարտիան հռչակում է Համագործակցության երկրներում խտրականության որեւէ տեսակի անթույլատրելիություն, այդ թվում նաեւ` սեռական:
Այդպիսով բրիտանական գահի ղեկավարն առաջին անգամ պաշտպանում է գեյերի իրավունքները, թեեւ պաշտոնապես միայն կհաստատի Ազգերի համագործակցության անդամ երկրների առաջնորդների համաձայնեցված կամքը, նշում է «Ռոսիյսկայա գազետան»: Թեեւ Բուքինգհեմյան պալատում ընդգծում են, որ թագուհին «նման հարցերում սեփական տեսակետ չունի», փաստաթուղթը ներկայացնելու նրա որոշումը սենսացիա է առաջացրել: Փորձագետներն ընդունում են, որ Եղիսաբեթ II-ի կառավարման 60 տարվա ընթացքում նման բան չի եղել:
Սակայն Համագործակցության երկրների մեծամասնությունում` 54-ից 41-ում, նույնասեռական կապերը շարունակում են օրենքով հետապնդելի լինել, եւ Լոնդոնի պաշտոնական ճնշումն օրենսդրության օրինականացման նպատակով դեռ անհաջող է մնում, նշում է gazeta.ru-ն:




























