ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը շնորհավորական ուղերձ է հղել Երևանում Դիվանագիտական ակադեմիայի բացման վերաբերյալ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Վստահ եմ, որ այս հաստատությունը ԵՄ-ն և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դերակատարում կունենա: Ջերմորեն ողջունում եմ այն անձնական նվիրումը և հանձառությունը, որն Արտաքին գործերի նախարար պրն. Նալբանդյանը ցուցաբերել է ի աջակցություն այս նախաձեռնության:

Ուրախությամբ եմ նշում այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի Դիվանագիտական ակադեմիան հայաստանյան 25 ուսանողների հնարավություն կընձեռի բարելավել իրենց գիտելիքները դիվանագիտության և արտաքին հարաբերությունների ոլորտում: Ուրախ եմ նաև, որ Եվրոպական միությունը Հայաստանում տեղակայված իր Խորհրդատվական խմբի միջոցով կարողացել է իր լուման ներդնել Դիվանագիտական ակադեմիայի կայացման գործում:

Դիվանագիտական ակադեմիայի առաջին ուսանողներին, որոնք այսօր սկսում են իրենց ուսումնառությունը, մաղթում եմ հաջողակ փորձի ձեռքբերում»:

Հիշեցնեն, որ փետրվարի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այս դպրոցում հրավիրված են դասավանդելու Ռուսաստանի, եվրոպական մի շարք երկրների, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Չինաստանի հեղինակավոր կրթական եւ քաղաքագիտական կենտրոնների առաջատար դասախոսներ եւ վերլուծաբաններ, ականավոր դիվանագետներ եւ փորձագետներ: Դիվանագիտական դպրոցի 25 ունկնդիրներն ընտրվել են մոտ 190 դիմորդների շարքից՝ գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում: