Վերջին 3 շաբաթներին Վրաստանում ՄԻԱՎ-վարակով պայմանավորված բարդացումների հետեւանքով 5 մարդ է մահացել, հաղորդում են Վրաստանի  ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնից:

Ըստ այդմ, փետրվարի կեսերից մինչեւ մարտի 11-ը Վրաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-վարակի 13 նոր դեպք, գրում է «Նովոստի Գռուզիան»: Ընդհանուր առմամբ` Վրաստանում 3 709 ՄԻԱՎ վարակակիր կա, որոնցից 2 718-ը տղամարդ է, 991-ը` կին: Միաժամանակ, ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը երկրում 2 374 է: Այս ընթացքում բուժման կուրս է անցնում 1 497 հիվանդ, որից 38-ը` երեխաներ:

Կենտրոնի տվյալներով` Վրաստանում ՁԻԱՀ-ի առաջին դեպքը բացահայտելուց հետո` 1989 թվականին, այդ հիվանդությանը զոհ է գնացել 815 մարդ:

Վրաստանում ՄԻԱՎ-ով վարակման հիմնական պատճառը մնում է ներարկվող թմրամիջոցների օգտագործումը, երկրորդ տեղում սեռական կապերն են: