Հունաստանի սեփականաշնորհման պետական գործակալությունը աճուրդի է հանել պետությանը պատկանող 28 շենքեր, այդ թվում` ՆԳՆ-ն, մշակույթի նախարարությունն ու Աթենքի ոստիկանության շենքը: Վաճառքի եւ երկարաժամկետ վարձակալության մրցույթի հայտարարությունը տեղադրվել է գործակալության կայքում:

Ցանկում են նաեւ արդարադատության, առողջապահության եւ կրթության նախարարությունների, վիճակագրական ծառայության, լրատվամիջոցների գլխավոր քարտուղարության, ոստիկանության եւ հարկային տարածքային վարչությունների շենքեր:

Հունաստանը պարտավորություն է վերցրել վարկատուների առջեւ ընթացիկ տարում 2,6 մլրդ դոլարի եկամուտ ստանալ սեփականաշնորհումից: Վաճառքի են հանվել նաեւ DEPA գազային կորպորացիան եւ գազատրանսպորտային համակարգի DESFA օպերատորը, վիճակախաղերի մենաշնորհը, երկաթուղին, տարածաշրջանային նավահանգիստներն ու օդանավակայանները: