Եգիպտացի տասնյակ քրիստոնյաներ անժամկետ գործադուլ են անցկացնում Կահիրեում Լիբիայի հյուպատոսության դիմաց՝ Տրիպոլիի բանտում ղպտի կալանավորի մահվան լուրից հետո:

Հավաքվածները պահանջում են Լիբիայում կալանավորված հայրենակիցների ազատումը, նաեւ՝ Լիբիայի դիվանագիտական առաքելության հեռացումը:

Բենգազիում մարտի սկզբին սեփական դավանանքը սերմանելու մեղադրանքով հարեւան երկրից մի քանի քրիստոնյաների էին ձերբակալել, նրանց մոտից Աստվածաշունչ էին առգրավել, Հիսուսի պատկերը եւ միսիոներական գրականություն: Նրանց մեղադրել էին նաեւ ապօրինաբար Լիբիա մուտք գործելու համար, գրում է RT-ն:

Հետո ձերբակալվածներին տեղափոխել էին Տրիպոլի: Մարտի 10-ին հայտնի էր դարձել, որ նրանցից մեկը մահացել է:

Մարտի 11-ին բողոքավոր ղպտիները պոկել եւ այրել են Լիբիայի դրոշը, կոտրել հսկող տեսախցիկները եւ դեսպանատան շենքի մուտքին եգիպտական եռագույնը կախել:

Ավելի վաղ այս ամսում նույն մեղադրանքով 55 եգիպտացի քրիստոնյաների էին ձերբակալել, սակայն նրանք ավելի ուշ ազատվել էին՝ բացի Տրիպոլի տարված հինգ հոգուց: Այդ 55 հոգուց 35-ը լքել էին Լիբիայի սահմանները, քանի որ խախտել էին վիզային ռեժիմը, մնացածները նախընտրել էին մնալ: