Սեւաստոպոլի ռազմակայանից կորել են երեք մարտական դելֆիններ, այն էլ` զենքով, գրում են ուկրաինական լրատվամիջոցները: Մասնավորապես, «Սոբիտիյա Կրիմա» պարբերականը հրապարակել է փաստաթուղթ, որն իբր ստացել է Ուկրաինայի ԶՈՒ «Պետական օվկիանարիում» գիտահետազոտական կենտրոնի աշխատակցից: Զեկույցում ասվում է, թե փետրվարի 24-ին բաց ծովում իրականացվել են մարտական դելֆինների վարժանքներ, եւ հինգ դելֆիններից երեքը լքել են վարժանքի վայրը: Նրանք, իբր, սպառազինված են եղել «անհատական հրազենային սարքավորումներով»: Դելֆինների որոնումները դեռ արդյունք չեն տվել:

Այլ լրատվամիջոցներ, սակայն, գրում են, թե նշված զեկույցը կեղծ է, եւ լրատվամիջոցները ստացել են դա էլեկտրոնային փոստով: «Պետական օվկիանարիում»-ում դելֆինների կորուստը հերքում են: «Ինչ-որ բան կորցնելու համար պետք է ունենալ այդ բանը: Դա մաքուր սադրանք է, մենք դելֆիններ չունենք»,- նշել է կենտրոնի տնօրենը:

Lenta.ru-ն գրում է, որ Սեւաստոպոլի օվկիանարիմումում խորհրդային տարիներին իրականացվել են դելֆինների եւ այլ կենդանիների հատուկ վարժեցումներ, դելֆիններին պատրաստել ստորջրյա դիվերսանտների հետ պայքարի, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո կենդանիների պատրաստումը դադարեցվել է, իսկ մնացած դելֆիններին ուկրաինական կողմը հանձնել է Իրանին: