Մարտի 11-ին` Հայաստանի ԱԳՆ-ում, Հայաստանի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվել են հերթական քաղաքական խորհրդակցություններ` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների  տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան:

Հայ եւ չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվել է հայ-չեխական քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, քննարկվել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Մարտի 12-ին չեխական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ներկայացրել է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացը, Հայաստանի ակնկալիքները ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովից: ԱԳ նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: