Ամերիկյան Ավրորա քաղաքում «Բեթմենի» պրեմիերայի ժամանակ արյունահեղություն կազմակերպած «կոլորադցի հրաձիգ» Ջեյմս Հոլմսի գործով դատավորը հավանության է արժանացրել, այսպես կոչված, ճշմարտության շիճուկի կիրառումը։
Դատավոր Ուիլիամ Սիլվեստրի որոշման համաձայն, այն դեպքում, եթե Կոլորադոյի համալսարանի 24-ամյա նախկին ուսանողը 12 մարդ սպանելու իր մեղքը չընդունի, նրան կհարցաքննեն հատուկ միջոցների ազդեցության տակ։ Դատավորը չի ճշտել, թե Հոլմսի օրգանիզմ ինչ նյութեր կներարկեն, սակայն վստահեցրել է, որ «դրանք բոլորը պետք է հաստատված լինեն բժշկական տեսակետից», հաղորդում Life News-ը։
Հիշեցնենք, որ Կոլորադոյից դիմակով եւ սեւ հագուստով հրաձիգը «Բեթմեն. Առասպելի վերադարձը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ներխուժել է կինոդահլիճ, ծխացող ռումբ նետել ու կրակել հանդիսատեսի վրա։ Հրաձգության արդյունքում զոհվել է 12 մարդ, եւս 58-ը վիրավորվել է։
Հոլմսի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը տառապում է շիզոֆրենիայով։ Եթե մարդասպանին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։




























