Ավստրիացի կարդինալ Քրիստոֆ Շունբորնի մայրը հուսով է, որ իր որդին պարտություն կկրի Հռոմի պապի ընտրություններում: Այդ մասին 92-ամյա Էլեոնորա Շունբորնը հայտնել է Kleine Zeitung թերթին տված հարցազրույցում: Կնոջ խոսքով, կարդինալի ողջ ընտանիքը մտավախություն ունի, որ եթե նա Պապ դառնա, հարազատներն այլեւս երբեք չեն տեսնի նրան, լիովին կխրվի Վատիկանի «ինտրիգների» մեջ:
«Իմ Քրիստոֆը շատ ազնիվ է: Նա պատրաստ չէ այդ վատիկանյան կեղտին ու ինտիգներին: Նրա համար Վիեննայում էլ այդ ամենը հերիք է»,- ասել է 68-ամյա կարդինալի մայրը, գրում է Lenta.ru-ն:
Միեւնույն ժամանակ Քրիստոֆ Շունբորնն ու նրա 114 գործընկերները մարտի 12-ին մասնակցել են համատեղ աղոթքին: Աղոթքից ու հանդիսավոր պատարագից հետո կարդինալները տեղական ժամանակով ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:30-ին) կանցնեն հատուկ կացարան, որտեղ կսկսեն քննարկել 226-րդ պապի թեկնածությունը: Քանի դեռ նրանք չեն կողմնորոշվել, արտաքին աշխարհի հետ իրենց շփումը լիովին արգելվելու է: Քվեարկության վայրերում եւ տեղերում, որտեղ կարդինալները կապրեն, հատուկ սարքավորումներ են տեղադրվել բջջային հեռախոսների եւ էլեկտրոնային գաղտնալսող սարքերի ազդանշանների խլացման համար: Նա, ով կհամարձակվի աշխարհին պատմել բանավեճերի ընթացքի մասին, կհեռացնեն եկեղեցուց:




























