NEWS.am-ը ներկայացնում է «The Toronto Star» -ում հրապարակված  Կանդայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանի հոդվածը` ի պատասխան նույն երկրում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալիի.

Որպես սովորական հայ, ոչ որպես դեսպան, ես պարտավոր եմ պատասխանել Թուրքիայի իմ գործընկերոջը, որը իր կարիերայի ընթացքում զարմանալիորեն չի հանդիպել Հայոց ցեղասպանության «պատմական եւ իրավական հիմնավորված ապացույցների»: Ես չեմ ցանկանում ցեղասպանության մասին չափազանց փաստարկված մանրամասներ ներկայացնել, սակայն անկեղծորեն հավատելով իմ գործընկերոջ գիտելիքների պակասին, ես միայն կմատնանշեմ մի քանի ուղղություններ, որոնք կօգնեն Թունջայ Բաբակին իր ակադեմիական պաշարները համալրել որոշակի փաստերով:

2002 թ. Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային անկախ կենտրոնը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, եկավ այն եզրահանգման, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները «պարունակում են ցեղասպանությանը բնորոշ բոլոր տարրերը, որոնք սահմանված են ցեղասպանության մասին կոնվենցիայով»: Բացի այդ, պետք է նշել, որ ի թիվս Կանադայի, որտեղ իմ գործընկերը հավատարմագրված է  որպես դեսպան,  եւս երկու տասնյակ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ, որոնց շարքում նաեւ հայտնի Ցեղասպանությունների ուսումնասիրման միջազգային ասոցիացիան, ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Փաստերի հավաքման մյուս առաքելությունը կարող է պարզապես ճանպարհորդել Արեւմտյան Հայաստանով, որը 11-րդ դարում նվաճել են թուրք քոչվոր ցեղերը, եւ  կարող են հանդիպել հազարավոր հայկական հուշարձանների` եկեղեցիների, ամրոցների, ամբողջ քաղաքների, որոնք թուրքական իշխանություններն անգամ նեղություն չեն կրել անվանափոխել: Հարցրեք ինքներդ ձեզ` որտե՞ղ է այդ քաղաքների բնիկ ժողովուրդը, որտե՞ղ են քրիստոնեական եկեղեցիների հավատացյալները, ինչպե՞ս կարող էր 1,5 մլն մարդ պարզապես անհետանալ երկրի երեսից:

Կարծում եմ, դուք կգտնեք պատմական ապացույցներ, որոնք մինչ օրս կան Նոյի երկրում, քաղաքակրթության օրրանում, որը երիտթուրքերի կառավարությունը այդպես դաժանաբար ավերեց: Ունեցեք արժանապատվություն  եւ արիություն ճանաչելու, ինչպես թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը: Հարգանք ունեցեք 10 մլն հայերի նկատմամբ, որոնք դեռեւս սգում են իրենց ահավոր կորուստները: Քաջությո'ւն ունեցեք: