ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետը նախ շնորհավորել է նորանշանակ ներկայացուցչին` առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ եւ վստահություն հայտնել, որ ձեւավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը կշարունակվի:
«Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում գործակցության հարցերը: Այստեղ կուտակված է համատեղ աշխատանքի մեծ փորձ, եւ կարող ենք հարստացնել այն»,-նշել է փոխվարչապետը:
Մայիսից Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը նա փոխգործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու նոր հնարավորություն է համարել` տեղեկացնելով, որ օրակարգում են լինելու նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման, տեղական ժողովրդավարության ոլորտում գործակցության հարցերը:
Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵԽ գործընկերների հետ համատեղ աշխատանքը, մասնավորապես առանձնացնելով Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությանը:
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա տարիները ՏԻ եւ տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների տարիներ են լինելու, եւ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է ԵԽ գործընկերների աջակցությունը:
Oլեքսանդր Պավլյուկն իր հերթին ընդգծել է, որ Եվրախորհուրդը կարեւորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը եւ կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵԽ շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը եւ այն շարունակելու ու խորացնելու անհրաժեշտությանը:



























