Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները Ֆոլքլենդյան կղզիներում տեղի ունեցած հանրաքվեն անվանել է «ծաղր»:
Ըստ Արգենտինայի առաջնորդի` այժմ նշանակություն ունի միայն ԱՄՆ-ի դիրքորոշումը, իսկ «ԱՄՆ-ի Պետդեպը հայտնել է, որ Ֆոլքլենդի կղզիները մնում են տարածքային վեճի առարկա Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի միջեւ»: Ընդ որում Քիրշները հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի գլխավոր դաշնակիցն է, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն Արգենտինային կոչ էր արել հարգել Ֆոլքլենդների բնակչության ինքնորոշման իրավունքը:
Հիշեցնենք, որ մարտի 10-11-ին Ֆոլքլենդներում տեղի ունեցած հանրաքվեում 98,8%-ը կողմ էին արտահայտվել Ֆոլքլենդները Մեծ Բիտանիայի տարածքում պահպանելուն:
Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ Ֆոլքլենդյան կղզիների կարգավիճակի շուրջ վեճն սկսվել էր 1833թ.-ից: 1982թ. եկու պետությունների միջեւ պատերազմ էր սկսել, որը տեւել էր 74 օր: Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել էին 649 արգենտինացի եւ 255 բրիտանացի զինվոր:




























