Հյուսիսային Կորեայի իշխանությունները մարտի 13-ին հայտարարել են, որ այլեւս պարտավորված  չեն պահպանել Հարավային Կորեայի հետ 1953թ. կնքած եւ թերակղզում պատերազմին վերջ դրած  հաշտության համաձայնագրի պայմանները:

Փհենյանը նաեւ հայտարարել է, որ ամեն ինչի մեղավորը ՄԱԿ-ն է, որը խստացրել էր ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները նոր միջուկային փորձարկումների պատճառով:

Փհենյանի կոշտ հայտարարությունը համընկել է Ամերիկա-հարավկորեական հերթական զորավարժությունների անցկացմանը, որոնց ԱՄՆ-ի բանակի 3 հազար զինծառայողներ են մասնակցում: Այդ զորավարժությունները ԿԺԴՀ-ում «պատերազմի հայտարարություն» են համարել:

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի հայտարարությունը սադրանք է անվանել,  գրում է rbc-ն:

Պաշտոնապես ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան պատերազմական վիճակում  են, քանի որ երկու երկրների միջեւ խաղաղությունն այդպես էլ չէր ստորագրվել: 1953թ. հաշտությունը սահմանազատման գիծ սահմանեց, որն էլ փաստացի կորեական երկու պետությունների սահմանն է: