Արգենտինական խունտայի վերջին պարագլուխը` Ռեյնալդո Բինյոնեն ստացել է հերթական` թվով չորրորդ ցմահ պատժաժամկետը: Դաշնային դատարանը Բինյոնեին մեղավոր է ճանաչել 1976-83թթ. 23 մարդու իրավունքների խախտման մեջ:
Ներկայումս 85-ամյա նախկին բռնակալը պատիժ է կրում բանտում ռազմական ռեժիմի այլ հանցագործությունների համար, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Նա նաեւ որպես մեղադրյալ է անցնում քաղաքական հակառակորդների ոչնչացման «Կոնդոր պլան» գործողության շրջանակներում կատարված այլ հանցագործություններով: Այդ գործողությունը համատեղ իրականացրել էին Արգենտինայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Պարագվայի, Ուրուգվայի եւ Չիլիի ռազմական ռեժիմները:
1976թ. մարտին իշխանությունն Արգենտինայում զավթել էին զինվորականները` գեներալ Խորխե Ռաֆաել Վիդելայի գլխավորությամբ: Ռեյնալդո Բինյոնեն խունտայի վերջին պարագլուխն էր, ով 1983թ. իշխանությունը հանձնել էր քաղաքացիական նախագահ Ռաուլ Ալֆոնսինին: Պաշտոնական տվյաներով, խունտայի կառավարման տարիներին Արգենտինայում անհետ կորել էր 18 հազար քաղաքացի, սակայն իրավապաշտպանների տվյալներով, այդ թիվը հասնում է 30 հազարի:




























